ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Բեմում այնպիսին եմ, ինչպիսին կամ կյանքում` առույգ, կենսասեր, չհուսահատվող»

«Բեմում այնպիսին եմ, ինչպիսին կամ կյանքում` առույգ, կենսասեր, չհուսահատվող»
31.10.2008 | 00:00

«ԵՐԳՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՉ ԹԵ ԲԻԶՆԵՍ Է, ԱՅԼ ՍԻՐԱԾ ԳՈՐԾ»
Երգչուհի ՆԱՌԱՅԻ հետ կարելի է անվերջ խոսել ընտանեկան ու մարդկային հարաբերությունների մասին և համոզվել, որ միշտ չէ, որ դժվարությունները մարդուն կարող են հուսահատեցնել, չարացնել կամ էլ դժվարացնել նրա հետագա կյանքը` կործանելով լավատեսությունը: Իսկ այս ամենը պահպանելու համար միանշանակ պետք է ուժեղ մարդ լինել: Մեր երգարվեստում Նառայի կերպարը հենց այդպիսին է` ուժեղ ու ինքնուրույն կին` միաժամանակ պահպանելով կանացիությունն ու իրեն հատուկ գեղեցիկ ժպիտը:
ՆԱՌԱՅԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԸ

-Այս տարի նկարահանեցի երկու տեսահոլովակ, շուտով կնկարահանեմ ևս մեկ տեսահոլովակ՝ «Արևելքից արևմուտք» երգի հիման վրա: Ինչպես մյուս երգերս, սա էլ սիրո մասին է: Աշխատում եմ նոր ձայնասկավառակիս երգերի վրա, ինչպես նաև` պատրաստվում հաջորդ տարի Երևանում կայանալիք մենահամերգիս: Ընդհանրապես շատ քիչ եմ համերգների մասնակցում: Հիմնականում նախընտրում եմ մասնակցել բարեգործական համերգների թե մեզ մոտ, թե արտերկրում:
ՆԱՌԱՅԻ ՈՃԸ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ
-Չեմ կարող ինձ կոնկրետ որևէ ոճի երգչուհի համարել: Ես անում եմ այն, ինչն ինձ հոգեհարազատ է, և չեմ խաբում ոչ ինձ, ոչ իմ հանդիսատեսին: Բայց դա չի նշանակում, թե չեմ կարող հանդես գալ կոնկրետ որևէ ոճում: Երբեք մրցակցության մեջ չեմ եղել որևէ մեկի հետ, երգել եմ` պարզապես սիրելով երգը: Երգն ինձ համար ոչ թե բիզնես է, այլ սիրած գործ: Ես համամիտ եմ, որ երգիչը պետք է կարողանա երգել տարբեր ժանրերում, բայց դա կարևոր է հատկապես մինչև նրա կայանալը երգարվեստում, քանի որ կայացման ճանապարհը բավական բարդ ու դժվար է, և ապացուցելու շատ բան ես ունենում: Իսկ տարիների ընթացքում պետք է հասկանաս՝ ի՞նչն է քոնը, ինչը՝ չէ, և ագահություն չանես:
ՆԱՌԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
-Տարիներ առաջ գուցե այլ կերպ պատասխանեի այս հարցին, բայց հիմա վստահ կարող եմ ասել` իմ կայացած ընտանիքը: Հաջողություն է նաև սիրածդ գործում կայացած լինելը:
ՆԱՌԱՅԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԴԺՎԱՐ ՊԱՀԸ
-Կյանքում բոլորս էլ դժվարություններ ունենում ենք, և ես էլ բացառություն չեմ, ավելին` իմ կյանքում շատ են եղել դժվարություններ, որոնց մասին երբեք չեմ խոսել: Որովհետև խոսել ապրածդ դժվարության մասին, նշանակում է վերապրել այն, իսկ ես չեմ ուզում նորից այդ զգացողություններն ապրել: Եվ հետո, մոռացության մատնելով ապրածդ դժվարությունները` թեթևացնում ես կյանքդ և նոր օրդ ապրում նոր սպասումներով ու զգացումներով և ոչ թե դառը հիշողություններով:
ՆԱՌԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ
-Ինձ ճանաչողները միանգամից կարող են պատասխանել Ձեր հարցին` ես բեմում այնպիսին եմ, ինչպիսին կամ կյանքում` առույգ, կենսասեր, չհուսահատվող: Ասածիս ապացույցը կարելի է գտնել անգամ իմ երգերում: Ինչպես կյանքում, այնպես էլ երգարվեստում չեմ ուզում ուրիշներին ծանրաբեռնել իմ խնդիրներով, չեմ երգում լալագին երգեր: Սիրում եմ ինքնուրույն լուծել խնդիրներս, ապրածս տարիներն են սովորեցրել ինքնուրույն լինել, ինչի համար շնորհակալ եմ: Շատ եմ սիրում ճամփորդել, լողալ:
ՆԱՌԱՆ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ
-Խոհանոց, մեղմ ասած, չեմ սիրում և գրեթե չեմ լինում այնտեղ: Եթե ամուսինս պահանջկոտ լիներ այդ հարցում, վստահաբար ես էլ, թեկուզ չսիրելով, տարբեր ուտեստներ կպատրաստեի, բայց, բարեբախտաբար, ամուսինս և երեխաներս չեն դժգոհում, ես էլ փորձում եմ օգտվել առիթից:
ՆԱՌԱՅԻ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
-Փորձում եմ շուտ չհիասթափվել, որովհետև բնավորության մի վատ գիծ ունեմ` հիասթափվելուց հետո չեմ ներում և կորցնում եմ նրան, ումից հիասթափվել եմ: Ես երբեք չեմ վիճում, հանգիստ բացատրում եմ ամեն ինչ ու հեռանում` կորստի ցավը պահելով սրտիս մեջ:
ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԸՍՏ ՆԱՌԱՅԻ
- Եթե ընտանիքում կա հարգանք, հավատ և սեր, ինչպես իմ ընտանիքում, ապա այն ամուր է: Կարծում եմ, ամուր է այն ընտանիքը, որը կազմավորվել է առաջին հերթին ոչ թե սիրո, թեպետ սիրո գոյությունն էլ շատ կարևոր է, այլ հարգանքի հիման վրա: ՈՒզում եմ ասել՝ թյուր է այն կարծիքը, որ եթե կա սեր, ապա հարգանքն ինքնաբերաբար կլինի: Հարգանքի գոյության դեպքում փոխըմբռնման ու միմյանց ներելու հավանականությունն ավելի մեծ է, քան սիրո դեպքում: Շատ անգամ սիրում են, և իրենց զգում սեփականատեր: Իսկ ընտանեկան և, առհասարակ, մարդկային հարաբերություններում սեփականատիրոջ զգացողությունն ահավոր հետևանքների կարող է հանգեցնել:
ՍԵՐՆ ԸՍՏ ՆԱՌԱՅԻ
-Դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ տարբեր տարիքում սերը կարող է տարբեր զգացողություններ առաջացնել: Երբեք չես կարող երիտասարդ տարիներին ապրած սիրո զգացողությունդ համեմատել հասուն տարիքի սիրուդ հետ, քանի որ տարիքիդ հետ փոխվում են նաև հայացքներդ, պահանջներդ, ավելին` սերն զգալու և նրանով ապրելու ունակությունդ: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ սիրել ու սիրում եմ:
Պատրաստեց Արմինե ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5538

Մեկնաբանություններ